Լուրեր
Լսողական խնդիրները` պատերազմի ժամանակ. հարցազրույց օտովիրաբույժ-ականջաբան Գայանե Սարգսյանի հետ
Լսողության խնդիրների ի՞նչ առանձնահատկություններ են դիտվել արցախյան պատերազմի ժամանակ:
Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում՝ նոր տիպի զինտեխնիկայի ներդրման, արկերի կիրառման և դրանց պայթյունների հարվածային ալիքի հետևանքով բազմաթիվ զինվորների մոտ ախտորոշվեցին կոնտուզիոն բնույթի օտիտներ, որոնք ուղեկցվում էին կոնդուկտիվ և սենսոնևրալ ծանրալսությությամբ։ Պայթյունի հարվածային ալիքի հետևանքով առաջացած վնասվածքը դրսևորվում էր որպես օրգանիզմի ախտաբանական գործընթաց:
Այդ ախտահարումների դրսևորման ի՞նչ տեսակներ կային:
Ըստ վնասվածքի առաջացման մեխանիզմի տարբերվում են՝ ալիքի ուղղակի ազդեցություն, թռչող բեկորներով պայմանավորված վնասում, տուժածի մարմնի պրոյեկցիայով պայմանավորված անուղղակի վնասում, այրվածքներ, ածխածնի մոնօքսիդով ինհալացիոն ախտահարումներ: Օդակիր օրգանները, ինչպիսիք են՝ միջին ականջը, թոքերը, մարսողական համակարգի օրգանները, վնասման հիմնական նախընտրելի թիրախներն են: Վնասվածքների ծանրությունն առավելապես պայմանավորված է այդ օրգաններում օդի ճնշման հանկարծակի փոփոխությամբ:
Որո՞նք էին լսողության խանգարումների պատճառները:
Պատերազմի հետ կապված առաջին պատճառը, որին առնչվեցինք՝ պայթյունի հետևանքով առաջացած հարվածային ալիքն էր, որը բերում է բարոտրավմայի, թմբկաթաղանթի պատռման, մինչև անգամ ներքին ականջի թաղանթների պատռման, ինչպես նաև՝ ակուստիկ, ձայնային տրավմայի արդյունքում վնասվում է ներքին ականջը: Արկերի պայթյունից առաջանում է 140 դեցիբել բարձրության ձայն, որի հետևանքով վնասվում են լսողական օրգանի զգացող բջիջները, իսկ դա, ցավոք, անդարձելի գործընթաց է:
Ո՞ր վնասվածքներն են ավելի հաճախ հանդիպել:
Ըստ վնասվածքի տեղակայման, արտաքին ականջի վնասումն ավելի հազվադեպ է հանդիպում (այրվածքներ և երկրորդային պայթյունի մեխանիզմով`պայթյունի ընթացքում մետաղական բեկորներով վնասում)։ Ավելի հաճախ վնասվում են միջին ականջի կառուցվածքները, ներքին ականջի զգացող բջիջները։
Բուժման ինչպիսի՞ մեթոդներ են կիրառվում:
Այս խնդիրների մի մասն ունի վիրահատական բուժում, մասնավորապես, միջին ականջի ռեկոնստրուկտիվ վիրահատութուններ. թմբկաթաղանթի դեֆեկտի վերականգնում՝տիմպանոպլաստիկա, լսողական ոսկրիկների շղթայի վերականգնում՝ օսիկուլոպլաստիկա։ Իսկ ձայն ընկալող համակարգի վնասման դեպքում սուր էտապում ցուցված է դեղորայքային բուժում, իսկ ուշացած դեպքերում` լսողության պրոթեզավորում լսողական սարքերի, որոշ դեպքերում նաև, խխունջային ներպատվաստման ձևով։ Բազմաթիվ լսողության վերականգնողական վիրահատություններ են կատարվել պատերազմի օրերին և առայսօր շարունակվում են իրականացվել։
Այնպես որ, վերջին շրջանում, մեր երկրի, ժողովրդի համար՝ պատերազմի ժամանակ ձայնային (ակուստիկ) տրավմաների արդյունքում լսողության իջեցման բուժումը դարձել է հրատապ և առաջնային: Այդ խնդիրներով զինվորները բավականին շատ են։ Զինվորների մի մասի մոտ, իհարկե, լսողությունը կվերականգնվի, բայց նաև լսողական խնդիրներ ունեցող շատ տղաներ կան, որոնք կարիք ունեն լսողության պրոթեզավորման:
Ծրագրավորված ինչ աշխատանքներկա ներկայում:
Միացյալ Նահանգների մեր գործընկերների հետ համատեղ կատարվում է լայնածավալ գիտական աշխատանք. պատերազմից տուժած զինվորների հիվանդության պատմությունների հավաքագրում և մշակում՝ բուժման ժամանակակից մեթոդներ մշակելու նպատակով։ Հետագայում, դրանից ելնելով, այլ աշխատանքներ նույնպես կկատարվեն, հնարավոր կլինի այդ զինվորների պրոթեզավորման հարցերը լուծել և, իհարկե, դեղորայքային ու վիրաբուժական միջամտություններ իրականացնել:


